Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են 27-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 63-ամյա Արայիկ Ժ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել է Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Անանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։