Չարենցավանի հպարտություն՝ հոգեհմա դուդուկի վարպետ Կամո Սեյրանյան

· Կոտայքի Մարզ

Չարենցավանի հպարտություն՝ հոգեհմա դուդուկի վարպետ Կամո Սեյրանյան

Չարենցավանում ծնված և հասակ առած հայտնի երաժշտի, դուդուկահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Կամո Համլետի Սեյրանյանի արվեստը վաղուց հատել է հայրենի քաղաքի ու երկրի սահմանները՝ հնչելով աշխարհի բազմաթիվ երկրներում։

Նա իր կրթական ուղին սկսել է հարազատ Չարենցավանի թիվ 4 միջնակարգ դպրոցում (1985-1993 թթ.), որից հետո ուսումը շարունակել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում (1994-1997 թթ.) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997-2002 թթ.)։ 2006 թվականին ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

2003 թվականից Կամո Սեյրանյանը դուդուկ է դասավանդում Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնում՝ սերունդներին փոխանցելով հայկական նվագարանի գաղտնիքները։

2012 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Նա նաև 2 անգամ արժանացել է «Ծիծեռնակ» մրցանակի ժողովրդական անվանակարգում. մեկը՝ որպես լավագույն երաժիշտ/կատարող (2017), իսկ մյուսը՝ լավագույն երաժշտական նախագծի համար («Դուդուկի մեծարման երեկո», 2018)։