Երևանից դուրս բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր միջին գինը գրանցվել է Ծաղկաձորում. որքան է այն

2026 թվականի հուլիսին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 6 552 գործարք՝ 30.1%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին։ Հունիսի համեմատ, սակայն, գործարքների թիվը նվազել է 4.3%-ով։
Առուվաճառքի գործարքներից 2 428-ը վերաբերել է հողերին, 2 417-ը՝ բազմաբնակարան շենքերի բնակարաններին, իսկ 880-ը՝ բնակելի տներին։ Գրանցվել է նաև ավտոտնակների առուվաճառքի 562, հասարակական նշանակության շինությունների՝ 188 և արտադրական նշանակության շինությունների՝ 77 գործարք։
Բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 32.8%-ով, հունիսի համեմատ նվազել՝ 4.7%-ով։
Բնակարանների 1 660 առուվաճառք իրականացվել է Երևանում՝ կազմելով հանրապետության ընդհանուր ցուցանիշի 68.7%-ը։ Մայրաքաղաքում գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է 33.7%-ով, սակայն մեկ ամսում նվազել է 14.6%-ով։ Մարզերից ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Կոտայքում՝ 364 գործարք։
Երևանում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը նախորդ տարվա հուլիսի համեմատ բարձրացել է բոլոր վարչական շրջաններում։ Ամենաբարձր միջին գինը գրանցվել է Կենտրոնում՝ 991 900 դրամ։ Արաբկիրում այն կազմել է 709 300 դրամ, Դավթաշենում՝ 572 800 դրամ, Նորք-Մարաշում՝ 572 300 դրամ։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Նուբարաշենում՝ 292 000 դրամ։
Մեկ տարվա ընթացքում 1 քմ-ի միջին գնի ամենամեծ աճը գրանցվել է Նորք-Մարաշում՝ 28.8%։ Մալաթիա-Սեբաստիայում գինն աճել է 26.1%-ով, Շենգավիթում՝ 26%-ով։ Ամենափոքր աճը գրանցվել է Կենտրոնում՝ 12.7%, և Արաբկիրում՝ 14.5%։
Երևանից դուրս բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր միջին գինը գրանցվել է Ծաղկաձորում՝ 465 200 դրամ։ Աբովյանում այն կազմել է 373 100 դրամ, Վաղարշապատում՝ 353 000 դրամ, իսկ Դիլիջանում՝ 325 300 դրամ։
Հուլիսին գրանցվել է նաև հիփոթեքային գրավադրման 1 270 գործարք։ Դրանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 24%-ով, իսկ հունիսի համեմատ նվազել՝ 8.2%-ով։
Ընդհանուր առմամբ, հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 25 529 գործարք՝ 20.8%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ամսին, և 0.7%-ով պակաս, քան հունիսին։