Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ իր տունը, որի հրկիզման հետևանքով կրել է շուրջ 2 մլն դրամի վնաս, հրկիզել է իրեն նախկինում սպառնացած անձը կամ նրա ծանոթներից մեկը

Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Հ․-ն և հայտնել, որ մեկ օր առաջ իր տանը հրդեհ է բռնկվել, որը հրշեջ-փրկարարներին բարեբախտաբար հաջողվել է մարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նարեկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մի քանի օր առաջ իր ծանոթներից՝ Երևանի բնակիչ 29-ամյա Արտեմ Զ․-ն, հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է իր հասցեին՝ ասելով, որ պայթեցնելու է իրեն պատկանող ավտոմեքենան, իսկ տունը՝ հրկիզելու։ Նարեկ Հ․-ի խոսքով՝ ինքը վստահ է, որ այդ սպառնալիքներն իրականացրել է հենց Արտեմ Զ․-ն կամ նրա մտերիմներից մեկը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Նարեկ Հ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող իրեն պատկանող առանձնատան տարածքում հրդեհ է բռնկվել։ Նրա կարծիքով՝ հրդեհի հետ առնչություն ունի Արտեմ Զ․-ն, ով հուլիսի 13-ին հեռախոսազանգի միջոցով սպառնացել էր պայթեցնել իր ավտոմեքենան և հրկիզել տունը։ Հրդեհի հետևանքով, նրա գնահատմամբ, իրեն պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։