Հանդիպման առանցքային թեման Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերում արձանագրված աղիքային վարակի դեպքերով պայմանավորված համաճարակային իրավիճակի քննարկումն էր. Բյուրեղավանի համայնքապետարան

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
Նիստին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և ենթակա կառույցների ղեկավարները։
Հանդիպման առանցքային թեման Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերում արձանագրված աղիքային վարակի դեպքերով պայմանավորված համաճարակային իրավիճակի քննարկումն էր։
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը ներկայացրեց առավոտյան ժամերի դրությամբ տիրող իրավիճակը։ Ըստ զեկույցի՝ անցած գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը գրանցել է 15 կանչ, որոնցից 6-ի դեպքում պացիենտների հիմնական գանգատները եղել են ստամոքսաղիքային տրակտի հետ կապված՝ սրտխառնոց, թուլություն և փորլուծություն՝ 2-ը հոսպիտալացվել են։
Այս պահին բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 15 քաղաքացի։
Արմեն Վարդումյանի փոխանցմամբ՝ հավանական է, որ վաղը պատրաստ կլինեն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքի ջրամատակարարման գրաֆիկին և դրա հնարավոր առնչությանը վարակի տարածման հետ։
Խորհրդակցության ավարտին քննարկվել են իրավիճակի կայունացմանն ուղղված հետագա քայլերն ու համայնքային նշանակության այլ հրատապ հարցեր։