Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները և մի խումբ բնակիչներ այցելել են «Վեոլիա Ջուր»՝ քաղաքի ջրամատակարարման հետ կապված խնդիրները բարձրաձայնելու նպատակով

Երեկ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները և մի խումբ բնակիչներ այցելեցին «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գրասենյակ՝ վերջին շրջանում քաղաքի ջրամատակարարման հետ կապված խնդիրները բարձրաձայնելու նպատակով։
Արդեն մի քանի շաբաթ է Բյուրեղավանում արձանագրվել են խմելու ջրի մատակարարման խափանումներ և սահմանված գրաֆիկից շեղումներ, ինչի հետևանքով բազմաթիվ բնակիչներ բախվել են ջրամատակարարման հետ կապված տարբեր դժվարությունների։
Համայնքի ղեկավարի խորհրդական Էդիկ Պիճիկյանը «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ տեղում քննարկեց ստեղծված իրավիճակը՝ ներկայացրեց բնակիչների դժգոհություններն ու համայնքի մտահոգությունները։ Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերականգնել ջրամատակարարման բնականոն ընթացքը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նմանատիպ խնդիրների կրկնությունը բացառելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այսօր շրջանառվող համաճարակի վերաբերյալ մտահոգություններին։
«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները հերքեցին ջրի որակի և հիվանդության միջև կապի վերաբերյալ տարածվող տեղեկությունները՝ նշելով, որ ընկերությունում ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն այսօր (սանհամաճարակային ծառայությունը) խմելու ջրի նմուշառումներ են իրականացրել։ Նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, և ներկայումս սպասում ենք պաշտոնական արդյունքներին։
Այս պահի դրությամբ Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստանում 9 հիվանդ։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։
Բյուրեղավանի համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն զբաղվել խնդրի լուծմամբ, մշտական կապի մեջ է պատասխանատու կառույցների հետ և բնակիչներին կտեղեկացնի հետագա զարգացումների ու պաշտոնական տեղեկատվության մասին։