Պարզաբանում՝ հունիսի 23-ին Shamshyan. com լրատվական կայքում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ

Հունիսի 23-ին Shamshyan.com լրատվական կայքում հրապարակված տեղեկատվությունը՝ Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում առկա կոյուղագծի վթարի վերաբերյալ, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը և ներկայացված է միակողմանի։
Տեղեկացնում ենք, որ վթարի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո Բյուրեղավանի համայնքապետարանը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ համագործակցելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ։
Դեպքի վայրում իրականացվել են բազմակի աշխատանքներ, ներգրավվել է մասնագիտացված տեխնիկա, սակայն խցանման ծավալն ու բարդությունը եղել են այնքան մեծ, որ անգամ հատուկ տեխնիկական միջոցներով հնարավոր չի եղել անմիջապես վերացնել խնդիրը։
Ցանկանում ենք պարզաբանել, որ տվյալ լրատվամիջոցի հրապարակման մեջ նշված 20 օրվա փոխարեն վթարից անցել է ընդամենը 9 օր: Խնդիրն առաջացել է սույն թվականի հունիսի 15-ին: Հաջորդ իսկ օրը վթարը վերացվել է, սակայն նույն օրվա ընթացքում համակարգը կրկին խցանվել է:
Տարածքում 3 օր շարունակ իրականացվել են մաքրման և վերականգնողական աշխատանքներ, որոնք ցավոք, ապարդյուն են անցել կուտակված աղբի ծավալի պատճառով: Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում է կայացվել քանդել հին կոյուղագիծը և կառուցել ամբողջությամբ նորը:
Իրավիճակը առաջացել է տվյալ տարածքի՝ բազմաբնակարան շենքերի որոշ բնակիչների կողմից կոյուղու համակարգի անբարեխիղճ և ոչ պատշաճ շահագործման պատճառով․ օրինակ՝ աղբը, անձեռոցիկները, տակդիրները և այլ հիգիենայի պարագաները նետվում են կոյուղի, որի ետևանքով համակարգում պարբերաբար առաջանում են լուրջ խցանումներ։
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ հիշատակված «բազմաթիվ» ահազանգերին, ապա այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Իրավիճակի և խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին բնակիչներն արդեն իսկ իրազեկված են եղել։ Դեռևս վեց օր առաջ համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջով հանդես ենք եկել համապատասխան հայտարարությամբ՝ մանրամասն ներկայացնելով խնդրի էությունը և իրականացվող աշխատանքների ընթացքը։
Ափսոսանքով ենք արձանագրում, որ հրապարակման հեղինակ Գագիկ Շամշյանը չի դիմել համայնքապետարան՝ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար, ինչի հետևանքով հանրությանը ներկայացվել է ոչ լիարժեք և միակողմանի տեղեկատվություն։
Բյուրեղավանի համայնքապետարանը շարունակում է աշխատել խնդրի ամբողջական լուծման ուղղությամբ և գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ սեղմ ժամկետներում վերացնելու առաջացած անհարմարությունները։
«Վեոլիա Ջուր» ընիկերության մասնագետները խոստացել են 1-2 օրվա ընթացքում խնդիրը կարգավորել։