Կոտայքի մարզում ժողովրդի կողմից «կայծակից պայթած» անունը ստացած կամրջի հիմնանորոգումը դանդաղում է․ պատասխանատուները ՏԿԵ նախարարի ոչ մի հանձնարարական չեն կատարել

Գաղտնիք չէ, որ ամռանը Երևանից դեպի մարզեր ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը Սևան տանող ճանապարհահատվածն է։ Հունիսի 12-ից Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդի կողմից արդեն «կայծակից պայթած» անունը ստացած կամրջի հիմնանորոգումը, չգիտես ինչու, առաջ չի գնում։ Ի՞նչն է պատճառը, որ աշխատանքներն իրականացնողները արհամարհած ունեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականը և մինչև այսօր բավարարվել են հողի շերտը մաքրելով ու մի քանի տախտակ բերելով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Խուդաթյանը հանձնարարել էր նաև, որ աշխատանքները սկսվելուց առաջ պարտադիր ապահովվեն անվտանգության բոլոր կանոնները, տեղադրվեն նախազգուշական նշաններ, ցուցանակներ, լուսային և թարթիչային փարոսիկներ, որպեսզի մութն ընկնելուն պես վարորդները կարողանան կողմնորոշվել և չհայտնվեն փոսում։
Տեղում բավականին լարված աշխատում են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները, ովքեր գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով 24-ժամյա ռեժիմով հերթապահություն են իրականացնում, և հենց նրանց շնորհիվ է, որ մինչև այժմ, բացառությամբ մեկ դեպքի, նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել։
Ստացվում է, որ կամուրջը հիմնանորոգող ընկերությունը կամ «ուղտի ականջում է քնած», կամ «Մսրա Մելիքի քուն է մտել», իսկ պարեկները հսկում են, որպեսզի նրանց կողմից բերված մի քանի տախտակը չգողանան։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ճիշտ կլինի խիստ մոտեցում ցուցաբերի այս կարևորագույն ճանապարհի վնասված կամրջի հիմնանորոգման հարցում, հակառակ դեպքում վարորդները, ամեն անգամ հայտնվելով մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ, իրենց ամենաքաղցր խոսքերը կուղղեն պատասխանատուներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN․com-ը, հունիսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։ Ժամը 06։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Ե․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել էր կամրջի վնասված փոսի մեջ։
Բարեբախտաբար տուժածներ չկային։
Վարորդին առաջինը օգնության էին հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր էին կազմվել։
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պայթյունից հետո, ապա հաջորդ օրը նշված վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով տեղում հանձնարարականներ էր տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որպեսզի շատ արագ իրականացնեն աշխատանքներ ու մինչ դրա ավարտը ճանապարհը կահավորեն անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ լուսային փարոսիկներով և նախազգուշական ցուցանակներով, մինչդեռ երեք օր է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հավանաբար ճանապարհին էր մնացել, իսկ տեղում միայն 24 ժամ ռեժիմով ծառայություն էին կատարում պարեկները։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը պետք է հաշվի առներ այն հանգամանքները, որ արդեն սկսվել էր Սևանի «սեզոնը», ու նրանք պետք է 24 ժամ ռեժիմով աշխատեին, հակառակ դեպքում 100 հատ էլ պարեկ լինեչ, խցանումը չէին կարողանալու բացել, ու Աստված մի արասցե, եթե այդ վայրում վթար տեղի ունենար, ինչը այդ օրն էչ եղել, ապա վարորդները ամենավերջին խոսքերն էին ուղղելու այդ պաշտոնյաների հասցեին։