23-ամյա տղային դաժանաբար սպանել են. ինչ են պատմում հարազատները

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում այսօր մեկնարկեց Չարենցավանի բնակիչ, 23-ամյա Սեյրան Խալաֆյանի սպանության գործով առաջին դատական նիստը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Իշխանություն» լրատվականը, հունվարի 9-ին Չարենցավան քաղաքը ցնցած ողբերգական դեպքի ժամանակ երիտասարդը սպանվել էր օրը ցերեկով, բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ՝ շամփուրի և դանակի հարվածներից։
Սպանվածի հարազատները պատմեցին, որ Սեյրանն իր ընկերների հետ դեպքի վայրում էր գտնվել ընդամենը սուրճ խմելու նպատակով, երբ նրանց վրա հանկարծակի հարձակվել էր մի խումբ զինված անձանցից կազմված խումբ։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Սեյրան Խալաֆյանի եղբոր կինը նշեց, որ, իրենց պնդմամբ, հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները ազգակցական կապեր ունեն Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
«Մեր միակ ցանկությունն է, որ լինի արդար դատավարություն։ Ճիշտ է՝ մեր երեխային հետ չենք բերելու, բայց կուզենք, որ Արփինե Սարգսյանի գործոնը չխանգարի և որևէ կերպ չփորձի ազդել կամ խոչընդոտել այս գործին»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ, իր կարծիքով, արդեն իսկ եղել են գործին միջամտելու փորձեր։
«Մենք բազմիցս դիմել ենք Նիկոլ Փաշինյանին, դիմումներ ենք գրել և պահանջել Արփինե Սարգսյանի հրաժարականը, սակայն մեր դիմումները մնացել են անպատասխան»,- ասաց Սեյրանի եղբոր կինը։
Ըստ սպանված երիտասարդի հարազատի՝ հանցագործության գլխավոր կազմակերպիչը «Տարզան» մականունով հայտնի Արմեն Խալափյանն է, որը, նրա խոսքով, Արփինե Սարգսյանի մորաքրոջ որդին է։ Նա դեպքի վայրում է եղել իր որդիների և քրոջ որդու հետ։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ օրը ցերեկով տեղի ունեցած սպանությանը հարևանությամբ գտնվող անձինք չեն արձագանքել, եղբոր կինը նշեց, որ քաղաքում, հավանաբար, վախի մթնոլորտ է տիրել։ Սեյրանը բավականին երկար ժամանակ գետնին ընկած, արնաքամ վիճակում է եղել, սակայն ոչ ոք չի մոտեցել, օգնություն չի ցուցաբերել և նույնիսկ շտապօգնություն կամ ոստիկանություն չի զանգահարել։
Սեյրան Խալաֆյանի ընկերները նրան բնութագրում են որպես չափազանց համեստ, զուսպ, ընկերասեր և ընտանիքին նվիրված երիտասարդ։
«Ամբողջ քաղաքը նրան ճանաչել է որպես համեստ, բոլորին հասնող, օգնող և հարգված տղայի։ Նա որևէ կապ չի ունեցել այդ հանցագործությունը կատարած երիտասարդների հետ, պարզապես ընկերոջ խնդրանքով, այսպես ասած, գնացել էր դեպքի վայր»,- պատմեց նրա ընկերներից մեկը։
Մյուս ընկերն էլ ասաց, որ Սեյրանին ճանաչում է ավելի քան 10 տարի և ընդգծեց, որ նա երբևէ թշնամիներ չի ունեցել Չարենցավանում։
«Նա ընտրել էր հանգիստ կյանք, շրջապատված էր այնպիսի մարդկանցով, որոնք թշնամիներ չունեին։ Ցավալի է, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որն անտարբերության է մատնել բազմաթիվ երևույթներ, և հենց այդ անտարբերությունն է կործանում այն ամեն լավը, ինչը ստեղծվում է՝ շնորհքով դաստիարակված, մեծերին հարգող ու ընտանիքը սիրող մարդկանց միջոցով»,- ասաց Սեյրանի ընկերներից մեկը։
Տուժող կողմը հույս ունի, որ դատարանը կցուցաբերի անաչառություն, և բարձրաստիճան պաշտոնյաների ազգակցական կապերը չեն ազդի արդարադատության իրականացման վրա։