Հրազդանի ճանշինը Հրազդանում մի ամբողջ բնակելի շենքի տարածքում կատարում է կոյուղատարերի հիմնանորոգում
· Հրազդան

Վերջին ամիսներին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանշինները սկսել են մեծ թափով աշխատանքներ իրականացնել մարզերում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամի Հրազդանի ճանշինն սկսել է Հրազդան քաղաքի Պետրոս Դուրյան փողոցում կոյուղատարերի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքները մասամբ կարելի է համարել ավարտված, սակայն այն դանդաղում է ու պատճառն անբարենպաստ եղանակն է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ հատվածում կան ոչ միայն բնակելի ու սեփական տներ, այլ նաև գործում է մանկապարտեզ, ու երեխաները մեծ դժվարությամբ էին հաղթահարում մանկապարտեզ հասնելու ճանապարհը։ Բայց հիմա Հրազդանի ճանշինը խոստացել է, որ կոյուղատարերի փոխարինումը առաջիկայում կավարտվի, հետո արդեն պետք է կատարեն կապիտալ ասֆալտապատում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամին ու Հրազդանի ճանշինին՝ ասելով՝ վերջապես կպրծնենք էն գարշահոտից ու հակասանիտարական վիճակից, որի պատճառը սովետական տարիներից շահագործվող, սակայն ամբողջությամբ վնասված, որոշ հատվածներում նաև փտած կոյուղատարերն էին։

