Կալանավորն 28 օր հացադուլի մեջ է. Նրա ազատության համար պատրաստ է գրավի գումար վճարել անգամ uպшնվшծի հայրը

Արդեն 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, մերձավոր ազգականի դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Աշոտ Բադալյանը գտնվում է հացադուլում։ Մեկ տարուց ավելի անազատության մեջ պահվող անձը մեղադրվում է քրոջ որդուն՝ Հովհաննեսին դիտավորյալ սպանելու համար, նրան սպառնում է մինչև անգամ ցմահ ազատազրկում։ Կալանավայրում գտնվող եղբոր ազատության համար պայքարին աջակցում են նաև սպանվածի մայրն ու հայրը։ Վերջինը նույնիսկ պատրաստ է վճարել գրավի գումարը, որպեսզի որդու սպանության համար մեղադրվող քեռին՝ Աշոտը լինի գոնե տնային կալանքում։
Սա ոչ թե սերիալի անոնս է, այլ հայաստանյան իրական դեպք։ Հիմա ամեն բան՝ ըստ հերթականության։
2025-ի հուլիսի 11-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում վեճ է ծագում Նաիրայի որդու՝ 35-ամյա Հովհաննեսի ու որդեգրված եղբոր՝ 32-ամյա Աշոտի միջև։
Panorama.am-ի հետ զրույցում 67-ամյա կինը պատմում է՝ որդու մոտ զինծառայության ավարտից հետո հոգեկան խնդիրներ էին նկատվում, նա ավելի նյարդային էր։ Վերջին շրջանում, ըստ մոր, նա անկառավարելի էր դարձել։ Վիճակն ավելի բարդացել է, երբ Հովհաննեսի կյանքում հայտնվել է մի կին ու հայտարարել, թե նրանից երեխայի է սպասում։ Օրեր անց այդ նույն կինը Նաիրայի որդուն՝ Հովհաննեսին հայտնել է, որ ընդհատել է հղիությունը, երեխան չի ծնվելու։
«Մենք այդ կնոջը երբեք չենք տեսել, չենք ճանաչել։ Իմ տղան դրանից հետո սկսեց բոլորիս մեղադրել։ Մեղադրում էր նաև փոքր եղբորս՝ Աշոտին, որին երկու տարեկանից ես եմ պահել։ Ասում էր, որտեղ Աշոտին տեսնեմ, սպանելու եմ։ Անընդհատ դա էր ասում»,-մեզ հետ զրույցում պատմեց տիկին Նաիրան։
Նրա խոսքով, այդ օրը, երբ Հովհաննեսն իմանում է, որ Աշոտը եկել է իրենց տնից քիչ այն կողմ գտնվող հողամաս, ատրճանակն ու նռնակը ձեռքին վազում է դեպի նրա ուղղությամբ, որ կրակի։
«Վազեց, որ Աշոտին վերացնի։ Ամուսինս իրա ձեռքից ատրճանակը խլեց, որ չկրակի։ Հովոն ասեց, որ դու չթողեցիր իմ երեխան ծնվի, ես էլ քո երեխաներին կվերացնեմ։ Ու նռնակը ձեռքին վազեց դեպի երկու փողոց վերև գտնվող պապայիս հողամաս, որտեղ գտնվում էին Աշոտի երեխաները։ Աշոտը վերև կրակեց, որ կանգնեցնի, Հովոն վազեց-գնաց։ Մեկ էլ Աշոտը գոռաց՝ վազեք, հասեք։ Վազանք, տեսանք, Հովոն արևի տակ ընկած է, Աշոտն արդեն շտապ օգնություն էր կանչել»,-դեպքի մանրամասները ներկայացնում է Նաիրան։
Կնոջ խոսքով, շտապօգնության մեքենան այդպես էլ չի հասնում դեպքի վայր, եթե շուտ հասներ, գուցե որդին փրկվեր։
«Ամուսինս ասում է, գնդակը կպել է պատին, հետ է եկել, կպել թոքին։ Աշոտը չի ծառայել, կրակել էլ չգիտեր։ Ինքը մեղավոր չի, եթե չպաշտպաներ, իր երեք երեխաներն էին զոհվելու։ Մենք հիմա պայքարում ենք, որ հոդվածը փոխեն, դա պաշտպանություն էր, ոչ թե դիտավորյալ սպանություն։ Ես գիտեի Հովոյի հոգեվիճակը»,-ասում է կինը։
Հովհաննեսին ոչ հոգեբանի, ոչ էլ հոգեբույժի մոտ չեն տարել, նյարդաբանի խորհրդատվություն է եղել, դեղեր են նշանակել։ Ըստ մահացածի մոր, որդու հոգեկան խնդիրների մասին փաստող որևէ բժշկական փաստաթուղթ չկա։
Այժմ ՔԿՀ-ում պահվող եղբայրը՝ Աշոտը հացադուլի միջոցով է փորձում հասնել արդարության։ Նա պահանջում է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, ապա վերաորակել մեղադրանքը։ Մեզ հետ զրույցի պահին տիկին Նաիրան գտնվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, գնացել էր եղբոր առողջական վիճակի մասին լուր իմանալու, հանքային ջուր փոխանցելու։
«Հազիվ է խոսում, հազիվ է ոտքի վրա կանգնում։ Չի թողնում, որ տեսակցեմ։ Հացադուլի 15-րդ օրը տեսա դատարանում, շատ նիհարած, գունատ էր, սպորտսմեն տղա էր, տեսա՝ մկանները թուլացած էին։ Նա երեք անչափահաս երեխա ունի, փոքրը 4 տարեկան է, աուտիզմ ունի, մոր գրկից չի իջնում։ Աշոտի կինը չի կարողանում աշխատել, նրա ընտանիքն օգնության կարիք ունի»,-ասում է Աշոտի քույրը՝ քննիչին մեղադրելով սուտ բաներ գրելու ու նման մեղադրանք առաջադրելու համար։
Աշոտ Բադալյանի փաստաբան Հայկ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է, Աշոտի քույրն ու ամուսինն են օգնում նրա անչափահաս երեխաներին։ Սպանվածի հայրն ասել է, որ իր թոշակի քարտը տվել է Աշոտի կնոջը, որպեսզի կարողանա հոգալ երեխաների համար անհրաժեշտ ծախսերը։
Փաստաբանի խոսքով, մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մերձավոր ազգականի նկատմամբ սպանություն և ապօրինի զենքի շրջանառություն։ Ներկայում գործը գտնվում է դատաքննության փուլում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Հարությունյանի վարույթում։
«Հովհաննեսի մոր, հոր՝ Օլեգ Սուքիասյանի ցուցմունքներով մենք այստեղ գործ ունենք ոչ թե դիտավորյալ սպանության, այլ անհրաժեշտ պաշտպանության, առնվազն գոնե դրա սահմանազանցման հետ։ Բայց վարույթ իրականացնող մարմինը, ունենալով իր ձեռքի տակ բոլոր հանգամանքները, չի դրսևորել պատշաճ ջանասիրություն նախաքննությունը շուտ ավարտելու համար, և նախաքննական առավելագույն մեկ տարի ժամկետով Աշոտ Բադալյանին պահեցին կալանքի պայմաններում։ Ընթացքում այն ապացույցները, որ ձեռք բերեց նախաքննական մարմինը, որևէ բան չփոխեցին։ Անգամ դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվեց, որ Աշոտ Բադալյանը չի կպել փամփուշտներին, ապօրինի զենքի շրջանառություն չի եղել, նա դեպքի ժամանակ տուժողից՝ Հովհաննես Սուքիասյանից է խլել զենքը, սակայն 335 հոդվածը չփոխեցին, դատարան ուղարկեցին այդպես։ Դատարանն էլ սպանության հոդվածով չի կարող ավելի թեթև խափանման միջոց նշանակել, Աշոտ Բադալյանն էլ դա ընկալում է որպես իր նկատմամբ պատիժ»,-խնդրի իրավական կողմը ներկայացնում է փաստաբանը։
Հ. Հարությունյանի խոսքով, խափանման միջոցի հիմքերն այս պահին վերացել են։
«Դատարանը կալանքը երկարացնում էր այն հիմքով, որ Աշոտը կարող էր ազդել ապացույցների ձեռք բերման օրինականության վրա, բայց ապացույցների հավաքագրումն ավարտվել է, գործը հանձնվել է դատարան։ Ավելին, Աշոտ Բադալյանի վարքագիծն ի սկզբանե եղել է նախաքննական մարմնին աջակցման տիրույթում, ոչ թե խոչընդոտման։ Բոլոր վկաները մերձավոր ազգականներ են, վենդետայի մասին խոսք լինել չի կարող, անգամ Օլեգ Սուքիասյանը, որը գործով տուժող է ճանաչվել՝ Հովհաննեսի հայրը, ինքն է կալանքի գրավի գումարն առաջարկել»,-նշում է փաստաբանը։
Հիմա դատավարության մասնակիցները հասել են գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլին, դատական նիստերը նշանակվում են ամիսը մեկ անգամ։ Վերջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, հաջորդը նշանակված է հոկտեմբերի 27-ին։
«Ես հասկանում եմ Աշոտ Բադալյանի պահանջը, հիասթափությունը։ Այսքան ժամանակ հույս է ունեցել, որ մի բան կփոխվի, սակայն շարունակաբար մնացել է կալանքում։ Բայց մենք փաստաբաններով հարցին այլ տիրույթում ենք նայում, ուզում ենք, որ դատարանը հասնի արդարադատության։ Դեպքը տեղի է ունեցել ծնողների աչքի առաջ, եթե սպանության մասին խոսք լիներ, հաստատ նրանք նման սրտացավորեն չէին վերաբերվի Աշոտ Բադալյանի ընտանիքին»,-ասում է փաստաբանը։
Հայկ Հարությունյանը գիտի՝ առանձնապես ծանր հոդվածով մեղադրանքների դեպքում որպես կանոն մեղադրյալին բաց չեն թողնում, բայց սա սա առանձին անկյան տակ դիտարկելի դեպք է, որին պետք է ավելի սրտացավորեն ու պրոֆեսիոնալիզմով վերաբերել ու թույլ տալ, որ Աշոտ Բադալյանը լինի իր ընտանիքի կողքին։
Փաստաբանը գրավոր կարգով դիմել է ՄԻՊ-ին, պատասխանել են՝ բովանդակային մասով անելիք չունեն, կապի մեջ են ՔԿՀ-ի հետ, այդ օրվա դրությամբ վիճակը գնահատվել է բավարար, «մենք հետևում ենք, եթե կարիք լինի՝ կմիջամտենք»։
«Նախորդ շաբաթվա կեսերին այցելեցի Աշոտին, խնդրեցի, որ դուրս գա հացադուլից, մեր ուժեր կենտրոնացնենք ապացույցների, բովանդակային մասի վրա, բայց ինձ հայտնեց, որ իր տեսանկյունից բոլոր միջոցները սպառվել են, ծայրահեղ քայլի է դիմել՝ խնդիրը բարձրաձայնելու համար»,-նշում է փաստաբան։