«Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Lexus»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ.

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգու էլ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ով բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ ժամանմանը պատճառը նրանում էր, քանի որ ահազանգողը չէր կարողացել հստակ նշել դեպքի վայրը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


