Նոր Հաճնում ընտրություններ են․ ո՞վ է ուզում դառնալ համայնքի ղեկավար
· Նոր Հաճն

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ Կոտայքի մարզը լինելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ուշագրավ կենտրոններից մեկը, քանի որ այս մարզը հատկապես ՔՊ-ի համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ հաշվի առնելով մարզում ԲՀԿ-ի ազդեցությունը։
Կոտայքի մի շարք համայնքներում՝ այդ թվում Նոր Հաճնում, ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 13-ին։
Նոր Հաճնում 2009-ից համայնքի ղեկավար է Գագիկ Մաթևոսյանը։ Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ նա եղել է ԲՀԿ անդամ, ինչպես նաև ոչ հրապարակային վայելել է ՀՀԿ-ի աջակցությունը։
Սակայն 2015-ին, մի շարք այլ պաշտոնյաների հետ՝ Մաթևոսյանը լքել էր ԲՀԿ-ի շարքերը՝ հաշվի առնելով կուսակցության վերակազմավորման մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Իսկ նախորդ ՏԻՄ ընտրություններին համայնքապետը ինքնառաջադրվել էր իր դաշինքի ցուցակով և հավաքել էր ձայների շուրջ կեսը։
Մաթևոսյանը ծնվել է 1976 թվականին, մասնագիտությամբ տնտեսագետ-մենեջեր է։ Մինչև առաջին անգամ համայնքապետ ընտրվելը աշխատել է «Թերիսա» և «ՆԱԽՇ» ՍՊԸ-ներում որպես տնօրեն և կոմերցիոն բաժնի ղեկավար։
Նոր Հաճնի երկարամյա համայնքապետի պաշտոնավարման տարիների ամենաղմկահարույց դեպքը վերբերում է ոչ թե իրեն, այլ՝ որդուն։ 2023-ի հոկտեմբերի 19-ին Նոր Հաճնում 31 և 32-ամյա երիտասարդները ստացել էին դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց՝ ճանապարհը չզիջելու համար. կասկածյալը Մաթևոսյանի որդին էր՝ Հայկ Մաթևոսյանը։
Քնչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան համայնքապետի որդուն կալանավորելու համար, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը: Հաջորդ տարի Քննչական կոմիտեն հայատարարեց դեպքի նախաքննության ավարտի մասին, և ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մաթևոսյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, ՔՊ-ում դեռ շարունակվում են Նոր Հաճնում համապատասխան թեկնածուների որոնումներն ու ներքին քննարկումները, պաշտոնապես հաստատված չէ նաև Մաթևոսյանի մասնակցությունը։ Հենց այս կետերին վերբերող հարցերը կլինեն առանցքային Նոր Հաճնի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։