Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով 8 վիրավորներից երեքին տեղափոխել են Երևան

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած վթարի հետևանքով Հրազդան ԲԿ տեղափոխված 8 քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
NEWS.am–ի տեղեկություններով, նրանք երեք երիտասարդ տղաներ, որոնցից երկուսը հրաժարվել են որևէ բուժում ստանալուց և դուրս են գրվել։ Իսկ երրորդ երիտասարդը, որն ունի գլխի շրջանում թեթև վնասվածք, դեռևս հիվանդանոցում է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից հրաժարվեցին նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն հայտնել՝ վկայակոչելով գաղտնիությունը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ «Սևանի գաղութի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։