Լարված իրավիճակ՝ Աբովյանում. բազմահարկ շենքերի բնակիչները դիմում են Նիկոլ Փաշինյանին

· Աբովյան

Լարված իրավիճակ՝ Աբովյանում. բազմահարկ շենքերի բնակիչները դիմում են Նիկոլ Փաշինյանին

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքի Կոտայքի 1 և Երևանյան 1 հասցեների 9 հարկանի շենքերի բակում էին հավաքվել շենքերի բնակիչները և ուզում էին վերջապես հասկանալ, թե ինչու է «Վեոլիա ջուրը», ինչպես նախկին տարիներին, իսկ այս տարի արդեն 4 ամիս անընդմեջ, իրենց ենթարկել մի իսկական «տեռորի»։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքերից յուրաքանչյուրում կա 36 բնակարան, ամեն բնակարանում ապրում է 4, 5, 8 անդամ, ու 4 ամիս է՝ 3-րդ հարկից վերև մնացած հարկեր խմելու ջուր մարդիկ ընդհանրապես չեն ստանում, չնայած 1-ին, 2-րդ 3-րդ հարկերում էլ վիճակը նույնպես տխուր է։ 1 լիտր ջուր հավաքելու համար բնակիչները 1.5 ժամից ավելի սպասում են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«4 ամիս է՝ ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա ջրի» Աբովյանի պատասխանատուներին։ Եթե առաջին 1- 1.5 ամիսը գոնե պատասխանում էին, ասելով, թե խնդրին տեղյակ են, հիմա 3 ամիս է երևի մեր համարներն իրենց մոտ ֆիքսած է, էլ չեն էլ պատասխանում։ Մի քանի անգամ նույնիսկ գնացել ենք Աբովյանի «Վեոլիա ջրի» գրասենյակ, մի հատ էլ մեր վրա են մունաթ գալիս, թե լավ էլ ջուր ունեք։ Ասում ենք՝ եթե էդպես եք կարծում, խնդիր չկա, միասին գնանք մեր տներ, եթե տեսնեք 3-րդ հարկից վերև ջուր բարձրանում է, իսկ 1-ին, 2-րդ 3-րդ հարկերում ինչ դանդաղ է ջուրը գալիս, համաձայն ենք, եկեք մեր տները տանք ձեզ, եկեք էդպես ապրեք։ «Վեոլիա ջրի» աշխատակիցները ցուցաբերում են քար անտարբերություն։ Պիտի «Վեոլիա ջուրը» ենթարկվեր Աբովյանի քաղաքապետարանին ու էդ ժամանակ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, որի օրոք Աբովյանը ծաղկում է, Աբովյանում ավելացել են կանաչ պուրակները, խաղահրապարակները, գոնե էս ջուրն էլ տային քաղաքապետարանին, վստահ ենք էս խնդիրը չէինք ունենք։ Բայց դե դա ոչ մարզպետարանի, ոչ քաղաքապետարանի լիազորության մեջ չէ։ Խնդիրը պետք է լուծվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից, բայց էդ ընկերությունը կարծես մեր թիվ մեկ թշնամին լինի։ 

Ով է տեսել՝ 21-րդ դարում նման արհամարհական վերաբերմունք, որը ցուցաբերվում է «Վեոլիա ջրի» կողմից։ Նույնիսկ էս պայմաններում, որ ամիսներ շարունակ ջուր չենք ստանում, կանոնավոր վճարումները կատարում ենք։ Կան անգամ ընտանիքներ, որ 2-3 ամսվա կանխավճար են տալիս։

 Հիմա ստիպված մեր խնդիրը լուծելու համար դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հարգելի վարչապետ, ձեր մի կարգադրությունը բավական է, որպեսզի մեզ փրկեք էդ հայտնի հեքիաթի յոթգլխանի հրեշից, էն հեքիաթում էր չէ՞ ասվում՝ հրեշը նստում է ջրի պռունկին, մինչև մի աղջիկ չեն տալիս, ջուրը չէր տալիս։

 Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հարգելի՛ Մեսրոպ Մեսրոպյան, օգնեք մեզ այս հարցում, դուք կարող եք։ Առաջիկայում էլ եղանակը ցրտելու է ու տները տաքացնելու համար ջուրն անհրաժեշտ է։ Էլ չենք ասում, որ 4 ամիս է մեր ծնողներին, երեխաներին տանում, բարեկամների տանն ենք լողացնում, իսկ ջուրը հավաքում ենք բակի ցայտաղբյուրից, էն էլ մի օր կարող է գալ, կարող է չգալ»։