Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում 2 ճիվաղների կողմից պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքից

SHAMSHYAN.com-ը երեկ՝ հոկտեմբերի 5-ին, տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում հնչած կրակոցների փաստով, որի ժամանակ վիրավորում էին ստացել ծառայություն կատարող՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2 պարեկները, ովքեր տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն տեղի է ունեցել Քաղսի գյուղում, երբ պարեկները նկատել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որը մանևր է արել, ինչից հետո պարեկը հրահանգել է, որպեսզի նա կանգնի, սակայն ստահակը ոչ միայն չի կանգնել, այլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել պարեկների ուղղությամբ, ինչից հետո դիմել են փախուստի, սակայն պարեկներին, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողներին՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողներին՝ բաժնի պետ Անի Դանիելյանի, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ կարողանում են այդ վարորդին ու նրա հետ եղած ուղևորին հայտնաբերել, վնասազերծել և տեղափոխել ոստիկանություն։
Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ։
Դեպքի վայրում, որը Քաղսի գյուղի արագաչափի և դպրոցի հատվածն է, քննիչները հայտնաբերում են ատրճանակից կրակված 8 պարկուճ, արնանման հետքեր և պարեկների ծառայողական ավտոմեքենայի կոտրված ապակիներ։ Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի վրա։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ստահակների վարած ռուսական համարանիշներով «Hyundai»-ն հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը Հրազդանում ժամանակին հայտնի ինչ-որ «Լունա» գիշերային ակումբի տերն է եղել, սակայն տևական ժամանակ է այդ ակումբը չի գործում։
Կասկածյալները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ։ Քննիչի որոշմամբ նրանցից վերցվել է նաև արյան նմուշ, քանի որ կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանք թմրանյութի ազդեցության տակ եղած լինեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 5-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս տեղեկություն էին ստացել, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, ինչից հետո պարեկները պարզել էին նրա երթուղին և տեսնելով ավտոմեքենան, «կանգառ» ազդանշան էին տվել, սակայն վարորդը չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջին։
Ստահակները ոչ միայն շարունակել էին դիմել փախուստի, այլ նաև ավտոմեքենայի միջից կրակոցներ էին արձակել պարեկների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու պարեկ վիրավորում էր ստցել։
Ֆոտոլրագրողը հայտել էր, որ Կոտայքի մարզի պարեկները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի և Չարենցավանի համայնքային ոստիկանների հետ, կարողացել էին հայտնաբերել նշված ավտոմեքենան և վարորդին ու ուղևորին, ովքեր բերման էին ենթարկվել ոստիկանություն, ավտոմեքենան էլ տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը եղել էին ոչ սթափ, նրանք Կոտայքի մարզի բնակիչներ են։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չէինք հայտնել։
Դեպքի փաստով փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր պարեկներից մեկը 36 տարեկան է, և նա հիվանդանոց էր տեղափոխվել զույգ դաստակների հրազենային վիրավորումով։