Ընտրություններ՝ Նաիրիում․ ով է համայնքի երկարամյա ղեկավարը
· Նաիրի

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կոտայքի մարզի Նաիրիի (Եղվարդ) համայնքապետի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին։
Նաիրին արդեն շուրջ 27 տարի է ղեկավարում է Նորայր Սարգսյանը, ով վերընտրվել է նույն պաշտոնում 7 անգամ։ Նա դեռ պաշտոնապես չի հայտարարել ձմռանը սպասվող ՏԻմ ընտրություններին մասնակցելու մասին, սակայն հավանականությունը շատ է, որ նա կցանկանա վերընտրվել 8-րդ անգամ։
Նախորդ ՏԻՄ ընտրությունները Նաիրիում բավականին թեժ էին։ Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր միանգամից 6 թեկնածու, որոնց թվում էր նաև ՔՊ-ի առաջադրած թեկնածու Վաղարշակ Ամիրխանյանը։
Առաջին անգամ Սարգսյանը ընտրվել է որպես Եղվարդ համայնքի ղեկավար 1999 թվականին։ Նա ծնվել է 1960 թվականին, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է։ Մինչ առաջին անգամ համայնքի ղեկավար ընտրվելը աշխատել է ՆԱՏԻ գիտահետազոտական ինստիտուտում որպես փականագործ ու կրտսեր գիտաշխատող։ Ապա աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմում որպես հրահանգիչ, Եղվարդի գյուղխորհդի գործկոմում որպես նախագահի տեղակալ, ապա` քաղաքապետի տեղակալ։ Համայնքապետ ընտրվելուց առաջ 1 տարի զբաղվել է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ։
Ուշագրավ է Սարգսյանի քաղաքական ճանապարհը․ մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն նա նախկինում եղել է ՀՀԿ անդամ, նախորդ ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ցուցակով, իսկ պաշտոնական կենսագրության մեջ նշված է որպես անկուսակցական։
Ուսումնասիրության առանձին առարկա է նաև Նորայր Սարգսյանի գնալով աճող ունեցվածքը։ ArmLur.am-ը նախորդ տարի պարզել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում Սարգսյանը հասցրել է դառնալ միլիոնատեր, իսկ համայնքապետի հաշվետու տարվա եկամուտը 4 տարում աճել էր 5,2 անգամ։
Նաիրի համայնքը առաջիկայում կրկին ընտրության առաջ է կանգնելու։ Դեկտեմբերի 13-ի ընտրությունները ցույց կտան՝ արդյոք Նորայր Սարգսյանը կկարողանա ստանալ բնակիչների վստահությունը ութերորդ անգամ, թե Նաիրիում իշխանության համար պայքարը նոր զարգացումներ կունենա։