Ճանաչիր Կոտայքի մարզը

Կոտայքի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր է Հայաստանի կենտրոնական հատվածում։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաք Երևանին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։ Հայաստանի միակ մարզն է, որը չի սահմանակցում հարևան որևէ պետության հետ։ Միևնույն ժամանակ, Կոտայքը չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են Երևանին։
Կոտայքի վարչական կենտրոնը Հրազդանն է, խոշորագույն քաղաքը՝ Աբովյանը։ Մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք՝ 8-րդը Հայաստանի մարզերի շարքում։ Ըստ 2025 թվականի տվյալների վիճակագրական տվյալների՝ Կոտայքի մարզի բնակչությունը կազմում է 294 900 մարդ[3]։ Ներառում է 42 համայնքներ, այդ թվում՝ 7 քաղաքային և 35 գյուղական։ Խոշորագույն համայնքներն են Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նաիրի և Նոր Հաճըն միավորները։ Կոտայքի արևմտյան մասը պատմականորեն ներառված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների կազմում։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։
Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։ Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են զգալի ոսկու պաշարներ։
Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։
Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է նախաքրիստոնեական շրջանի հայոց պատմության եզակի մարգարիտներից մեկը։
Նշանավոր են նաև Բջնի բերդը, միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը։